Wednesday, October 21, 2015

E հապլոխումբը հայերի մոտ

E հապլոխումբը շատ հին է։ 66000 տարեկան է։ Այն Աֆրիկայից դուրս եկող Բանական Մարդու (Homo Sapiens) առաջին ալիքներից մեկին է մասնակցել։ Նրա ճյուղերի մի մասը հետագայում նորից հետ են վերադարձել Աֆրիկա։  Նրա «եղբայր» D-ն շարժվել է դեպի Արևելյան Ասիա, որտեղ ամենահին բնիկների (տիբետցիներ, Ճապոնիայի այնուներ) հապլոխումբն է։
Ինչևէ դրանից հետո բավականին շատ ժամանակներ են հոսել և այսօր E-ն տարածված է Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում ու Բալկաններում։ Այն Աֆրո-Ասիական լեզվաընտանիքին բնորոշող հիմնական հապլոխումբն է։ Բայց իհարկե այն գոյություն է ունեցել այդ լեզվաընտանիքի առաջացումից շատ առաջ։
Հայերին ու նաև Եվրոպացիներին հետաքրքրող սնիպները սկսվում են E1b1b-M215 ճյուղից։ Դրա համար կներկայացնենք միայն այդ ճյուղի ծառը։  E հապլոխմբի մասին տվյալները վերցված են ամենաթարմ ու որակյալ աշխատությունից։ Հայերի մասին տվյալները վերցված են Հայկական ԴՆԹ նախագծից։  Ըստ տարբեր տվյալների այն տատանվում է 6-8 տոկոս սահմաններում։ Հետաքրքիր է որ պատմական Հայաստանի հարավ-արևելյան մասում այն ավելի շատ է քան արևմտյանում։ Սալմաստում 12% իսկ Սասունում 3%: Վանում 7.6% իսկ Կիլիկիա/Տավրոսում 4%:

Հայերի մոտ տարածված է M78 և M123 ճյուղերը։

E-M78* - 0.3% - 2 հոգի - 14.000 տարեկան։ Այս երկու հոգին չունեն ոչ մի սնիպ M78-ից ներքև ինչը վկայում է այն մասին որ այս ճյուղը ներկա է եղել Հայաստանում շատ հնուց։ Այն հավանաբար ծագել է Ասորիքում ( Լևանտ )։ Նա մասնակցել է հողագործության տարածմանը դեպի Աֆրիկա ու Եվրոպա։

E-M78 > V13 - 1% - 6 հոգի - Այս ճյուղը դոմինանտ է Բալկաններում։ Ալբանացիների (33%) ու հույների (28%) ամենահիմնական հապլոխումբն է։ Շատ է նաև ռումինացիների, բուլղարացիների ու մակեդոնացիների մոտ։ Սկզբնական շրջանում այս և մի քանի այլ բալկանյան մարկերների հետ մեծ հույսեր էին կապում, որպեսզի ապացուցեն հայերի բալկանյան ծագումը։ Բայց Տրոմբետայի հետազոտությունը ցույց է տալիս, որ այս ճյուղի ասիական սնիպները ինքնուրույն ճյուղավորում են։ Հայերի մեջ այն տարածված է Սալմաստի հայերի մոտ։ Իհարկե չի կարելի բացառել որ այս ճյուղը հայտնվեր հայ-հունական խառը ամուսնությունների շնորհիվ, ու ունենա տիպիկ հունական սնիպ, բայց կարծում եմ հիմնականում հնուց եկածներ կլինեն։ Ավելի վաղ քան Հունաստան։
Նաև պիտի ավելացնել որ չնայած դրա տարածվածությանը հույների մոտ այն հնդեվրոպական մարկեր չի։ Հնդեվրոպական ցեղերը Հունաստանում հայտնվել են R1b/R1a հապլոխմբերի հետ։
E-M78 > V12 - 0.6% - 4 հոգի - Այս ճյուղը դոմինանտ է Եգիպտոսի հարավում։ Հետաքրքիր է որ Եգիպտոսի հարավը ու հյուսիսը ունեն իրարից բավականին տարբեր հապլոտիպեր։ Փաստորեն հին Եգիպտոսի բաժանումը հյուսիսի ու հարավի արտահայտվում է նաև գենետիկ մակարդակում։ Եգիպտական փարավոնների տիտղոսն էր Վերին ու Ներքին Եգիպտոսների թագավոր։ Այս ճյուղը պիտի որ հին եգիպտացիների հիմնական հապլոխումբը լինի։
E-M78 > V22 - 1.1% - 7 հոգի - Այս ճյուղը տարածված է Հյուսիսային Եգիպտոսում, Եթովպիայում, Ասորիքում։ Հավանաբար եղել է փյունիկացիների հապլոխմբերից մեկը, որ տարածվել է նաև Հարավային Եվրոպա։


E-M123 > M34*  - 1% - 6 հոգի -  15.000 տարեկան։ Տարածված է Եթովպիայում, Հորդանանում, Եգիպտոսում, Հայկական Լեռնաշխարհում։ Այն կիսվում է մի քանի ճյուղերի որոնցից M84 ն է հայերի մոտ շատ։ Ծագել է հավանաբար ինչ որ տեղ Մերձավոր Արևելքում, միգուցե Միջագետքում։ Սրա մի ճյուղը սեմական ժողովուրդների մոտ է տարածված, այսինքն J1-P58-ի հետ միասին կազմել է սեմական ժողովուրդների հիմքը։ Մյուս ճյուղը Հայկական Լեռնաշխարհի մոտ ու Եվրոպայում։
Մի հոգի դրական է M123+ բայց չունի M34- ինչը վկայում է բազալ դիրքի մասին։ 5 հոգի էլ ունեն M34 բայց չունեն ոչ մի սնիպ ենթաճյուղերից, ինչը նույնպես վկայում է այն մասին որ ծագման օջախը մոտ է եղել Հ․ Լեռնաշխարհին։
Եթովպիայում տարածվածությունը բացատրվում է նրանով, որ ըստ վերջին հետազոտությունների մոտ 3500 տարի առաջ դեպի Եթովպիա մեծ ներհոսք է եղել Մերձավոր Արևելքից, Յեմենի տարածքով։ Ներկա Եթովպացիների մեջ 50 տոկոս Մերձավոր Արևելյան գեներ կա։
E-M123
E-M123 > M34 > M84 - 3.8% - 24 հոգի - 7500  տարեկան։ E հապլոխմբի ամենատարածված սնիպն է սա մեզանում։ Սկսել է տարածվել 7500 տարի առաջ։ Արդեն կա երկու հին ԴՆԹ Սևանի ավազանից որոնք ունեն 3300-3500 տարվա հնություն։ Սա նշանակում է, որ այն բավականին վաղուց է եղել Հայաստանում։ Մինչև հրեաների ու արամեացիների ի հայտ գալը։ Ճիշտ է հնարավոր է այն բացատրել նաև աքքադացիների ու բաբելոնացիների ներթափանցումներով բայց ավտոսոմալ տվյալները նման բան չեն հաստատում։
Այն տարածված է նաև քրդերի մոտ` հատկապես ալևիների ու զազաների։ Այս ճյուղը դեռ շատ վատ է ուսումնասիրված։ Շատ քիչ բան է հայտնի նրա տարածվածության մասին։ Եղած սուղ տեղեկությունները կարծես թե հուշում են, որ այն ավելի տարածված է հայերի ու քրդերի մոտ քան սեմականների։ Ապագան ցույց կտա կարող է այն համարվել հայկական մարկեր թե ոչ։
E-M123 > M34 > L792 - 0.5% - 3 հոգի - 5500 տարեկան։ Տարածված է սեմական ժողովուրդների մոտ հատկապես հրեաների։ Հավանաբար եղել է նրանց հիմնադիր հապլոխմբերից մեկը J1-P58-ի հետ միասին։ Ըստ Լյուկոտի հետազոտության Նապոլեոն Բոնապարտը ունեցել է այս սնիպը։

Նշանավոր անձիք։ E հապլոխումբը ունեցել են Նապոլեոնը, Ալբերտ Էյնշտեյնը, Րայթ եղբայրները, որոնք ինքնաթիռ են ստեղծել։ Ենթադրվում է որ նաև Հիտլերը։


Քննարկումը ՖԲ-ում

Saturday, October 3, 2015

G հապլոխումբը հայերի մոտ

G հայրական հապլոխումբը հայերի մոտ ըստ քանակի երրորդն է։ Այն կազմում է 12 %։  Սկսել է տարածվել նեոլիթիկ հեղափոխության ժամանակ, այսինքն հողագործության առաջացման հետ միասին 10․000 տարի առաջ։ Իր տարածումը սկսել է Անատոլիա, Արևմտյան Հայաստան ու Հյուսիսային Ասորիքի շրջանից։ Այս հապլոխմբի առաջացման հիմնական վայր նշվում են հենց նույն այդ տարածքները։ 
G հապլոխումբը հայկական գավառներում
Այսօր էլ արևմտահայերի մոտ այն ավելի հաճախ է հանդիպում քան արևելահայերի մոտ։
Դեպի արևելք շարժվում է հիմնականում G1 ճյուղը։ G1-ը արևելքում հասնում է մինչև Ալթայ։ Իսկ Արևմուտք գնում է բացառապես  G2-ը հասնելով մինչև Իբերական թերակղզի։

Նեոլիթիկ Եվրոպայում G-ն ( 6000-4000 մթա ) ճնշելով տեղական ցածր մշակութային մակարդակի վրա գտնվող որսորդ-հավաքչական խմբերին (I2, I1, C1) ձեռք է բերում բացարձակ գերիշխանություն։  Հետագայում մի քանի հազար տարի անց տարբեր պատճառներով (պատճառները դեռ հայտնի չեն) G-ի քանակը աղետալի ձևով կրճատվում է։ Եվրոպայում հնդեվրոպական ցեղերի (R1b,R1a) հայտնվելուց հետո G-ի քանակը էլ ավելի է ընկնում։

Արդյունքում G-ն պահպանվում է միայն իր բնօրրանում։ Մի զգալի խումբ էլ ապաստան է գտնում Արևմտյան Կովկասում ու Կոլխիդայի տարածքում։  Այսօր G-ի հապլոխմբիբարձրակետը ամենաբարձր թվերը Արևմտյան Վրաստանում ու Աբխազիայում է։

Հայերի մոտ տարածված են հետևյալ ճյուղերը։ Թվերը ներկայացվում են հիմնվելով Ռուցիի աշխատանքի վրա։ Սկզբից ներկայացվում է սնիպի կոդը։ Հետո տոկոսը հայերի մեջ։ Իսկ հետո էլ որպես հավելյալ տեղեկություն Հայկական նախագծում ստուգվածների քանակը 2015 հոկտեմբերի դրությամբ։ 

G1 - 2.5% - 12 - Այս ճյուղը շատ է տարածված համշենահայերի մոտ։ Համշենահայերի մոտ այն հասնում է 42%: Կրասնոդարի հայերի մոտ 12%: Այն գրեթե բացակայում է կովկասյան ժողովուրդների մոտ։ Ակնհայտ է, որ այն հայտնվել է Համշենում հենց հայերի տեղաշարժերի արդյունքում։  Սա կողմնակիորեն ապացուցում է, որ համշենահայերը չունեն կովկասյան ծագում, ինչը փորձում են ապացուցել որոշ թուրք գիտնականներ։ Կարելի է ասել, որ Հարավային Կովկասում սա հենց հայկական մարկեր է։ G1 ճյուղի մասին մանրամասն հետազոտություն կա այստեղ։
G2a1-P16  -  1.6% - 4 - Այս ճյուղը գերակշռում է քարթվելական ժողովուրդների մոտ։ Նաև կա աբխազների մոտ։ Սվանների մոտ հասնում է 80 տոկոսի, ընդհանուր վրացիների մոտ 34.8 տոկոս։ Հավանաբար հենց սա է քարթվելական լեզուների հիմնադիր հապլոխումբը։ Նաև մեծամասնություն է օսերի մոտ։ Ինչը զարմանալի է, որովհետև նրանք պատկանում են տարբեր լեզվաընտանիքների։ Վարկածներից մեկը այն է, որ եկվոր իրանալեզու ալանները (օսերի նախնիները) հաստատվելով Օսեթիայում ձուլել են իրենց մեջ տեղի քարթվելական ցեղերին։ Այս պահին ռուս գենետիկները փորձաքննության են ուղարկել են միջնադարյան ալանական ԴՆԹ-ի նմուշներ։ Դրանց արդյուքները որոշ հստակեցում կմտցնի այն հարցում թե արդյոք ալանները ի սկզբանե ունեցել են P16 սնիպը թե այն ձեռք են բերել Կովկասում հաստատվելուց հետո։ Հայերի մոտ այն կարող էր հայտնվել թե վրացիներից թե ալաններից։
ISOGG-ը շրջանառությունից հանել է P16 սնիպը անկայուն լինելու պատճառով, այժմ նրա փոխարեն օգտագործվում են հետևյալ սնիպները FGC595/Z6553 կամ L293:
G2a PF3146, L91, M286  - 1.1% - 13 -  Եվրոպա գնացած հողագործների ճյուղերն են։ Իտալիայի Ալպերում սառած Օծի անունով մարդը պատկանել է այս ճյուղի ենթաճյուղերից մեկին (L91)։ Արդի Եվրոպայում այն շատ հազվադեպ է։ Պահպանվել են Կորսիկա ու Սարդինիա կղզիներում (5-10%) Սրա մի ճյուղը (L91) գնացել է նաև Եգիպտոս այնտեղից էլ հասնելով բերբերների մոտ։
G2a-M406 - 2.3% - 26  - Հայերի մոտ ամենատարածված G-ի ճյուղն է սա։ Բարձրակետը դռուզների մոտ է, 8%։ Հավասարաչափ կա ամբողջ Թուրքիայի տարածքում։ Կա նաև Հունաստանում, Իտալիայում։ Հետաքրքրական է որ այն քիչ է վրացիների մոտ։ Ինչը ցույց է տալիս որ հայերի ու վրացիների G ճյուղերը իրարից տարբերվում են։ Ենթադրաբար այս սնիպը պիտի որ տարածված լիներ հաթերի մոտ։ Նաև խեթերի ու լուվիացիների մոտ որպես սուբստրատ։
G2a-P303 - 1.6% - 8 - Հայերի մեծ մասը ունեն L140 սնիպը։ Տարածված է Եվրոպայում ու Հնդկաստանում։ Ոմանք կարծիք են հայտնում թե P303>L140 ճյուղը հնդեվրոպական է այլ ոչ թե վաղ հողագործական։ Ապագան կհերքի կամ կհաստատի այս պնդումը։
G2a-P303 > U1 - 1.4 % - 7 - Սա միանշանակ Աբխազ-ադիղեական լեզվաընտանիքի (Հյուսիս արևմտյան կովկասյան լեզուներ ) հիմնադիր ճյուղն է։ Ունեն U1 սնիպը, որը տարածված է այդ լեզվաընտանիքի բոլոր անդամների մոտ՝ չերքեզներ, աբասիններ ներառյալ։ Հետաքրքիր է որ պաղեստինցիների մոտ էլ շատ կա այս սնիպից։ Ինչը հավանաբար չերքեզական հետք է։ Այսօր էլ Հորդանանի թագավորին թիկնապահների մեջ կա հատուկ չերքեզական գունդ։
G2c-M377 - ~0% - 2 - Սա շատ հազվադեպ ճյուղ է մեզանում։ Քաշաթաղի մելիք Հայկազի շառավիղների մոտ է հայտնաբերվել միայն։ Հավանաբար այս սնիպը ունեցող բոլոր հայերը կլինեն այդ մելիքի ազգականները։

Ինչպես տեսնում եք հայերի մոտ G-ն ունի շատ բարդ կազմություն։ Եվ այն կարծրատիպը, որ դա միայն կովկասյան հապլոխումբ է․ սխալ է։ Հենց այս ճյուղերի առատությունը ստիպեց գիտնականներին, որ տեղափոխեն G հապլոխմբի առաջացման հայրենիքը Ասորիքից դեպի հյուսիս ավելի մոտ Հայաստանին։ 

Thursday, June 4, 2015

Հայրական հապլոխմբերի տարածումը

Արդեն գիտենք հայերի հայրական ԴՆԹ-ները ինչ բաշխում ունեն։ Հիմա հերթով նայենք այդ հապլոխմբերը ինչ պատմական անցքերի հետ են կապված։ Իհարկե չմոռանալով որ մարդը միայն հայրական Y ԴՆԹ-ով չի մարդ այլ նաև բազմաթիվ մայրերի նույնպես։ Ամեն դեպքում հիմա դեռ խորանում ենք հայրականների մեջ։
G, G2a - Սա Փոքր Ասիայից, Արևմտյան Հայաստանից ու Հյուսիսային Սիրիայից տարածում է հողագործությունը Եվրոպա, մոտ 7000 մթա-ից սկսած։ Այնքան հաջողակ է լինում, որ իրենով լցնում Եվրոպայի բերի տարածքները, բայց դեռևս անհասկանալի պատճառներով խիստ պակասում է ՀԵ-երի հայտնվելուց /մթա 3000/ հետո։ Այսօր այն շատ քիչ է Եվրոպայում։ Մնացել է միայն Եվրոպայի լեռնային մասերում։ Ամենաշատը մնացել է Արևմտյան Վրաստանում, Աբխազիայում, հայերի մեջ ու Փոքր Ասիայում։ G1 ճյուղն էլ գնացել է արևելք Իրան, հասել է Հնկաստան բայց էլի շատ չի։

J2 - Սա նույնպես հողագործ է բայց ավելի շատ տարածված է Մերձավոր Արևելքում։ Սկսել է տարածվել Բերքատու Կիսալուսնից (Fertile Croissant): Այն մեծամասնություն է Իրանի արևմուտքում, Անատոլիայում, հայերի մոտ էլ կա ահագին կա։ Ինգուշների ու չեչենների մոտ բացարձակ մեծամասնություն է, չնայած դա փոքրաթիվ նախահայրերի հիմնադրման էֆեկտն է, գնացել են հարավից։ Հավանաբար խուռիների մոտ այն մեծամասնություն է եղել։ Այս հապլոխումբը ավելի լավ է դիմացել ժամանակի փորձությանը։ Միջերկրական ծովով տարածվել է նաև արևմուտք/Եվրոպա։ Հասել է նաև Հնդկաստան։

J1 - Հայաստանի արևելյան մասերից իջել է հարավ։ Եղել են այծ ու ոչխար տարածողները։ Այսօր այս հապլոխումբի ճյուղերից մեկը բացարձակ մեծամասնություն է արաբների մոտ, դրա համար շատերը շփոթում են թե այն սեմական է։ Իրականում այն ավելի հին է քան ներկա եղած լեզուները, ուղղակի հիմնադրման էֆեկտով դարձել է մեծամասնություն Արաբական թերակղզում։ Ամենաշատը Եմենում է։ Կա նաև զգալի քանակով որոշ Դաղստանյան ցեղերի մոտ։

R1b, R1a - Սրանք հնդեվրոպականության հետ կապված հապլոխմբերն են։ Քանի որ այն շատ սերտորեն կապված է Հնդեվրոպականության հետ դրա համար այստեղ շատ չեմ խորանա, ուղղակի ասեմ որ Կելտերի, Գերմանների ու Իտալիկների մոտ մեծ մասամբ R1b-ն է, իսկ Սլավոնների ու Հնդիրանցիների մոտ R1a-ն։ Հայերի մոտ գերակշռող է R1b-ն, կա մի քիչ R1a։ Հայտնվել է արևելյան կողմերից։ Ոնց երբ ու ինչքան մոտիկ տեղից թող մնա հետագայի համար։ Դեռ ահագին բան էլ պարզ չի, որ հստակ գրեմ։
Ուղղակի զգուշացնեմ հապճեպ եզրակացություններից զերծ պահելու համար, որ կան հին R1a,R1b-ի ճյուղեր, որոնք ՀԵ-ի հետ կապ չունեն, դրանք եղել են մինչև ՀԵ լեզուների առաջացումը։ Դրանցից ամենահայտնին աֆրիկյան Չադի լճի մոտ եղած R1b-ն է որը հին նախա-ՀԵ ճյուղերի ներկայացուցիչ է։

E1b1 - Այս խումբը ունի մի քանի ճյուղեր, մի մասը Աֆրիկայում է տարածված, մյուս մասը Մերձավոր Արևելք/Բալկաններում։ Հայերին առնչվող մարկերները այս երկրորդ ճյուղերի մեջ են։ Մեզ հետաքրքրող ճյուղերը հավանաբար առաջացել են Ասորիքում /Լեվանտ/։ Մյուս հողագործների հետ միասին այն շարժվել է Հունաստան/Բալկաններ։ Հույների ու ալբանացիների մոտ սա ամենատարածված հապլոխումբն է։ Աֆրիկյան E1b1-ի միջավայրում է առաջացել Աֆրո-Ասիական լեզվաընտանիքը։ Իսկ դրա մի ճյուղը սեմական խումբը հավանաբար եղել է E1b1/J1-ի միաձուլում։ Ամեն դեպքում ինչպես R1b/R1a-ի դեպքում այստեղ էլ պետք է տարանջատել մինչ սեմական շրջանը հետ սեմականից։ Երկու շրջանից էլ կարող է լինեն հայերի մեջ մարկերներ։

Քննարկումը ՖԲ-ում

Tuesday, June 2, 2015

Հապլոխմբերի մասին

Երեկ Մհերը գրեց Y ԴՆԹ-ի մարկերների մասին։ Այսօր ես փորձեմ ամենահին նախնական մարկերների մասին պատմեմ։ Նկատի ունեմ այն ժամանակները երբ մարդը նոր էր դուրս գալիս Աֆրիկայից։ Քանի որ մարկերները շատ շատ են ապա նրանց դասակարգում են ըստ հապլոխմբերի։ Մի հապլոխմբի մեջ մտնում են այն բոլոր մարկերները որոնք մի ինչ որ ժամանակ նույն նախնին են ունեցել։ Այսօր կան այսպիսի հապլոխմբեր Y ԴՆԹ-ների համար։
A, B - Սրանք սուբ-սահարյան Աֆրիկայինն են ու այնտեղից դուրս չեն եկել։
C, D -ն հին հապլոխմբեր են, որոնք Աֆրիկայից դուրս են եկել շուտ բայց այսօր փոքրամասնություն են որովհետև ժամանակի ընթացքին չեն դիմացել։ Հիմնակում մնացել են Ասիայում, Տիբեթում, Ճապոնիայում, Ալթայում, Մոնղոլիայում։
E1b1 - Սա մի ոտով Աֆրիկայի հյուսիսում է մյուս ոտով արդեն Մերձավոր Արևելքում է։ Հետո տարածվել է նաև Հունաստան ու Բալկաններ։
G, J2, J1 - Սրանց առաջացման կենտրոնները Հյուսիսային Մերձավոր Արևելքն է։ Այսինքն մեր Լեռնաշխարհը ու անմիջական շրջապատը։
I, I1, I2 - Սա հին Եվրոպական հապլոխումբ է, տարածված է Եվրոպայում J-ի քույրն է ու մտել է Եվրոպա հավանաբար Փոքր Ասիայից։
H - Դրավիդյան Հնդկաստանի հապլոխումբն է ծովափով գնացած մարդիկ են հիմնել։
T, L - Առաջինը երևի Միջագետք/ Իրանում է առաջացել երկրորդը ավելի արևելք Իրանի արևելք, Պակիստան, Ֆերգանա։
Ինչպես տեսնում եք մարդիկ շարժվում են արևելք։
Արևելք գնալուց երկու ճամփա է բացվում մեկը Հնդկաստանով դեպի Հնդկաչին ու այնտեղից էլ Չինաստան։ Այսպես են գնացել K-ի ճյուղերը N, O, M, S համպլոխմբերի նախնիները։
Երկրորդ ճամփեն տանում է Միջին Ասիա այնտեղից էլ Սիբիր ու այնտեղից էլ Ամերիկա։ Սրանք են R ու Q-ն։ Q-n համարյա լրիվ լցրել է իրենով բնիկ Ամերիկան։ Իսկ R-ը Միջին Ասիայում բաժանվել է երեք մասի R1a, R1b, ու R2:
Այս R-ը ու նրա որդիները ամենաշատ քննարկվող հապլոխմբերն են որովհետև իրենք տարածվել են ամբողջ Արևմտյան Եվրասիայում ու նույնիսկ մտել են Աֆրիկա։ Սրա հետ է անմիջականորեն կապված Հնդեվրոապական լեզուների տարածումը։ Բայց դա ավտոմատ կերպով չի նշանակում որ Հնդեվրոպական լեզուները առաջացել են Միջին Ասիայում։ Որովհետև ՀԵ-ն համամետաբար նոր երևույթ է՝ 5000-7000 տարեկան։ Իսկ այն ինչ ես պատմեցի 20․000 տարի ու ավելի առաջվա հապլոխմբերի դասավորությունն էր, ներկա պահին իհարկե շատ բան փոխվել է։

Thursday, November 6, 2014

Բալկանո-փռյուգիական տեսությունների մասին - Մաս Ա

Բախտի բերմամբ Բալկանները ունեն բնիկ Y ԴՆԹ որով էլ կարելի է ստուգել թե ինչքան է եղել նրանց ֆիզիկական ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա։ Այդ հայրական Y ԴՆԹ-ն ընդունված է համարակալել I2 և ներքևում կարող եք տեսնել նրա բաշխվածության քարտեզը։ Հայերի մեջ այս խումբը համարյա թե չկա, բայց կա սրա արխայիկ տեսակը I* կոչվողը (մոտ 4%), որը այնքան հին է, որ պատմալեզվական տեսակետից հետաքրքրություն չի ներկայացնում։ Փոխարենը անակնկալ։ I2-ի համեմատաբար երիտասարդ ճյուղը, որը ենթադրաբար պիտի առաջանար 3000 տարի առաջ առատորեն ներկա է քրդերի մեջ ( եզդիների մասով չեմ կարող ասել )։ Քուրդ տղամարդկանց 15-20 տոկոսը ունի բալկանյան գենետիկ ծագում։ Զարմանալի է՞ չէ։ Բայց լրիվ բացատրելի։ Բան այնն է որ այս գեները կարող էին մեր ռեգիոն բերել սկյութները, կիմերները, միգուցե նաև փռյուգացիները։ Ես ավելի հակված եմ կարծելու որ դա սկյութներն են ու կիմերները, որոնք լինելով քոչվոր կարող էին գալ ու նստել Հայկական Լեռների ու Զագրոսի հարավային լանջերին իսկ հետագայում էլ դառնային քրդախոս։ Բայց չի բացառվում որ փռյուգացիների մի մասը նույնպես։ Չնայած ես չեմ հավատում որ փռյուգացիները կարողանային շատ խորանալ Փոքր Ասիայի մեջ։ Իսկ հայերի էթնոգենեզին այս մարդիկ չեն մասնակցել և բնականաբանար փոքր է հավանականությունը որ լեզվագոյացմանը մասնակցեին։ Նկատի ունեմ փռյուգացիների մասով այլ ոչ թե սկյութների։ Սկյութների լեզվական ազդեցությունը մեր վրա մի քիչ այլ պատմություն է։
Կողմնակիորեն իմ կիմերա-սկյութական վարկածը հաստատվում է նրանով, որ I2 հապլոխումբը շատ կա Աբխազների ու Դաղստանի Դարգինների մոտ։ Երկուսն էլ ընկած են Կովկասի հյուսիսից հարավ անցնելու ճամփին։ Չնայած աբխազների ու դարգինների մասին ինֆորմացիան դեռևս վերջնական չի քանի որ ստուգված մարդկանց քանակը շատ քիչ է։


Քննարկումը ՖԲ-ում
 

Thursday, September 4, 2014

Հարկային քաղաքականության մասին



Աղյուսակում նշված երեք հարկատեսակները կազմում են ՀՀ բյուջետի եկամտային մասի 75 տոկոսից ավելին։ 
Միանգամից աչք է զարնում եկամտահարկի բարձր դրույքաչափը Հայաստանում համեմատած հարևանների հետ։[1]  Բարձր եկամտահարկ նշանակում է առաջին հերթին քիչ աշխատատեղ, որովհետև եկամտահարկը հիմնականում գանձվում է վարձով աշխատողներից։  Մինչ 2013-ը Հայաստանում եկամտահարկը ցածր էր, բայց կար նաև հավելյալ սոցվճարում։  Կուտակային պարտադիրին անցնելու համար սոցվճարումը միացվեց եկամտահարկին (նույնը կատարվեց Վրաստանում ավելի վաղ) ու փաստացի ստացանք բարձր եկամտահարկեր։ Եթե դրան էլ գումարվեր պարտադիր կուտակայինը ապա կունենայինք իսկապես աղետալի վիճակ աշխատանքային շուկայում։ Շնորհիվ Դեմ․եմ-ի ու այլ կառույցների պայքարի այդ վատ հեռանկարից որոշ չափով խույս տվեցինք։ Իհարկե վնասները լրիվ դեռ չեն չեզոքացված։
Ինչևէ եկամտահարկերը մնում են բարձր։ Հատկապես վնասակար է ցածր ու միջին աշխատավարձերի (400 հազար դրամից ցածր) վրա դրված եկամտահարկերը, քանի որ հենց բազմաթիվ ցածր ու միջին աշխատավարձերով է, որ հնարավոր է երկրում ապահովել շատ աշխատատեղեր և կասեցնել արտագաղթը։  
Այսպիսով ամենակարևոր խնդիրը ներկա պահին 400 հազարից (եթե կարևորենք ՏՏ-ն ուրեմն 1 միլիոն շեմը պիտի վերցնենք)  ցածր եկամուտների վրա դրված հարկի իջեցումն  է մինչև 20 %:
Երկրորդը դա ԱԱՀ-ի իջեցումն է մինչև 18% որպեսզի համահունչ լինենք մեր հարևաններին։  ԱԱՀ-ն առաջին հերթին վատ է ազդում ներքին արտադրողներին։ Հատկապես այն ժամանակակից ոլորտները որոնք մեծ հավելյալ արժեք են ստեղծում։ Ուրեմն արտադրոթւյան համար շատ կարևոր է ցածր ԱԱՀ-ն, կամ գոնե հարևան երկրներին հավասար ԱԱՀ-ն որպեսզի պահպանվի հավասար մրցունակությունը։ 
Ինչո՞վ կարելի է կոմպենսացնել բյուջետի հարկային մուտքերի նվազումը։
Եկամտահարկի շոշափելի ու ԱԱՀ-ի սիմվոլիկ իջեցումը սկզբնական շրջանում կնվազեցնի հարկային մուտքերը։ Իհարկե հետագայում ՀՆԱ-ի աճին զուգահեռ այդ նվազումը կդադարի բայց ամեն դեպքում որոշ ժամանակ կարիք կլինի նվազումը կոմպենսացնելու։ Այն կարելի է կոմպենսացնել առաջին հերթին շահութահարկով։ Հայկական սպեցիֆիկան հաշվի առնելով կարելի է ասել, որ շահութահարկ վճարում են հիմնականում հանքարդյունաբերողները, բնական մենաշնորհները և մասսամբ բանկերը։  Ընդ որում շահութահարկը այնպիսի հարկ է, որը մեծ վնաս չի հասցնում երկրի տնտեսության աճի վրա։
Կոմպենսացիայի մյուս աղբյուրը կարող է լինի մաքսատուրքերի շատ փոքր աճը։ Ընդ որում եթե Հայաստանը մտնի Մաքսային Միությունը ապա դա տեղի կունենա ավտոմատ ու զգալի կերպով։ Իսկ եթե չմտնի ապա միևնույն է ՀՀ-ն իրավունք ունի որոշակիորեն բարձրացնելու մաքսատուրքերը։ Այսօրվա դրությամբ միջինացված մաքսատուրքերը կազմում են 2.7%։ Ընդամենը 2 տոկոսային կետով բարձրացնելը լրիվ հերիք է ԱԱՀ-ի իջեցումը կոմպենսացնելու համար։ Բայց իհարկե մաքսատուրքերի բարձրացման դեպքում պիտի լինել զգուշավոր, որպեսզի վնաս չհասցվի այն ապրանքատեսակներին, որոնք սոցիալական խնդիրներ են լուծում և որոնք հնարավոր չի ոչ մի դեպքում Հայաստանում արտադրել։  Խոսքը պիտի գնա միայն երկրորդական կարիքներ ու էլիտար հաճույքներ բավարարող ապրանքների մասին։

-----
[1] Բացի Վրաստանից ու Հայաստանից մյուս երկրներում   կա նաև 3-6%-ի չափով սոցվճարումներ։ Այն գումարվում է եկամտահարկին։

Քննարկումը ՖԲ-ում

Wednesday, September 3, 2014

Հայերեն տեսադարան

Կա հայերեն տեսանյութերի մի տեսակ, որոնք եթերում կան, բայց ինտերնետում չեն հայտնվում։ Խոսքը գնում է հիմնականում արևմտյան մուլտերի ու ֆիլմերի հայերեն թարգմանությունները։ «Սպունգ Բոբ», «Դոռայի արկածներ», «The Lost» սերիալը, Լուի դե Ֆյունեսի ֆիլմերը, կորեական սերիալներ ու լիքը նման բաներ։ Սա բավականին շատ նյութ է, որը շատ օգտակար կլիներ հայերենի տարածման համար, բայց անհնար է տեղադրել Յութուբում հեղինակային իրավունքի պատճառով։ Ի՞նչպես կարելի է անել, որ այս ամբողջ պաշարը չմնա հեռուստաալիքների արխիվներում այլ հասանելի լինի հայությանը։ Մենք օրինակ ընկերոջս գաղափարով փորձեցինք մի հարթակ ստեղծել (Մասիս․ՏՎ ) ամպային հոսթինգի վրա, բայց պարզվեց ահագին հոսթինգի ծախս է լինում էդ վիդեո տրաֆիկը։ Բայց մյուս կողմից էլ օրինակ տեսել եմ ռուսական Megogo ծրագիրը անդրոիդում, որ հնարավորություն է տալիս ձրի մուլտեր ու ֆիլմեր նայել, իհարկե ռուսերեն։ Հիմա էս Մեգոգոն ինչով է՞ հանում իրա ծախսերը։ Հետաքրքիր է ինչ որ հայկական մասնավոր ֆիրմա նման բան կանի՞։

Քննարկում ՖԲ-ում