Thursday, September 4, 2014

Հարկային քաղաքականության մասին



Աղյուսակում նշված երեք հարկատեսակները կազմում են ՀՀ բյուջետի եկամտային մասի 75 տոկոսից ավելին։ 
Միանգամից աչք է զարնում եկամտահարկի բարձր դրույքաչափը Հայաստանում համեմատած հարևանների հետ։[1]  Բարձր եկամտահարկ նշանակում է առաջին հերթին քիչ աշխատատեղ, որովհետև եկամտահարկը հիմնականում գանձվում է վարձով աշխատողներից։  Մինչ 2013-ը Հայաստանում եկամտահարկը ցածր էր, բայց կար նաև հավելյալ սոցվճարում։  Կուտակային պարտադիրին անցնելու համար սոցվճարումը միացվեց եկամտահարկին (նույնը կատարվեց Վրաստանում ավելի վաղ) ու փաստացի ստացանք բարձր եկամտահարկեր։ Եթե դրան էլ գումարվեր պարտադիր կուտակայինը ապա կունենայինք իսկապես աղետալի վիճակ աշխատանքային շուկայում։ Շնորհիվ Դեմ․եմ-ի ու այլ կառույցների պայքարի այդ վատ հեռանկարից որոշ չափով խույս տվեցինք։ Իհարկե վնասները լրիվ դեռ չեն չեզոքացված։
Ինչևէ եկամտահարկերը մնում են բարձր։ Հատկապես վնասակար է ցածր ու միջին աշխատավարձերի (400 հազար դրամից ցածր) վրա դրված եկամտահարկերը, քանի որ հենց բազմաթիվ ցածր ու միջին աշխատավարձերով է, որ հնարավոր է երկրում ապահովել շատ աշխատատեղեր և կասեցնել արտագաղթը։  
Այսպիսով ամենակարևոր խնդիրը ներկա պահին 400 հազարից (եթե կարևորենք ՏՏ-ն ուրեմն 1 միլիոն շեմը պիտի վերցնենք)  ցածր եկամուտների վրա դրված հարկի իջեցումն  է մինչև 20 %:
Երկրորդը դա ԱԱՀ-ի իջեցումն է մինչև 18% որպեսզի համահունչ լինենք մեր հարևաններին։  ԱԱՀ-ն առաջին հերթին վատ է ազդում ներքին արտադրողներին։ Հատկապես այն ժամանակակից ոլորտները որոնք մեծ հավելյալ արժեք են ստեղծում։ Ուրեմն արտադրոթւյան համար շատ կարևոր է ցածր ԱԱՀ-ն, կամ գոնե հարևան երկրներին հավասար ԱԱՀ-ն որպեսզի պահպանվի հավասար մրցունակությունը։ 
Ինչո՞վ կարելի է կոմպենսացնել բյուջետի հարկային մուտքերի նվազումը։
Եկամտահարկի շոշափելի ու ԱԱՀ-ի սիմվոլիկ իջեցումը սկզբնական շրջանում կնվազեցնի հարկային մուտքերը։ Իհարկե հետագայում ՀՆԱ-ի աճին զուգահեռ այդ նվազումը կդադարի բայց ամեն դեպքում որոշ ժամանակ կարիք կլինի նվազումը կոմպենսացնելու։ Այն կարելի է կոմպենսացնել առաջին հերթին շահութահարկով։ Հայկական սպեցիֆիկան հաշվի առնելով կարելի է ասել, որ շահութահարկ վճարում են հիմնականում հանքարդյունաբերողները, բնական մենաշնորհները և մասսամբ բանկերը։  Ընդ որում շահութահարկը այնպիսի հարկ է, որը մեծ վնաս չի հասցնում երկրի տնտեսության աճի վրա։
Կոմպենսացիայի մյուս աղբյուրը կարող է լինի մաքսատուրքերի շատ փոքր աճը։ Ընդ որում եթե Հայաստանը մտնի Մաքսային Միությունը ապա դա տեղի կունենա ավտոմատ ու զգալի կերպով։ Իսկ եթե չմտնի ապա միևնույն է ՀՀ-ն իրավունք ունի որոշակիորեն բարձրացնելու մաքսատուրքերը։ Այսօրվա դրությամբ միջինացված մաքսատուրքերը կազմում են 2.7%։ Ընդամենը 2 տոկոսային կետով բարձրացնելը լրիվ հերիք է ԱԱՀ-ի իջեցումը կոմպենսացնելու համար։ Բայց իհարկե մաքսատուրքերի բարձրացման դեպքում պիտի լինել զգուշավոր, որպեսզի վնաս չհասցվի այն ապրանքատեսակներին, որոնք սոցիալական խնդիրներ են լուծում և որոնք հնարավոր չի ոչ մի դեպքում Հայաստանում արտադրել։  Խոսքը պիտի գնա միայն երկրորդական կարիքներ ու էլիտար հաճույքներ բավարարող ապրանքների մասին։

-----
[1] Բացի Վրաստանից ու Հայաստանից մյուս երկրներում   կա նաև 3-6%-ի չափով սոցվճարումներ։ Այն գումարվում է եկամտահարկին։

Քննարկումը ՖԲ-ում

No comments:

Post a Comment