Wednesday, October 21, 2015

E հապլոխումբը հայերի մոտ

E հապլոխումբը շատ հին է։ 66000 տարեկան է։ Այն Աֆրիկայից դուրս եկող Բանական Մարդու (Homo Sapiens) առաջին ալիքներից մեկին է մասնակցել։ Նրա ճյուղերի մի մասը հետագայում նորից հետ են վերադարձել Աֆրիկա։  Նրա «եղբայր» D-ն շարժվել է դեպի Արևելյան Ասիա, որտեղ ամենահին բնիկների (տիբետցիներ, Ճապոնիայի այնուներ) հապլոխումբն է։
Ինչևէ դրանից հետո բավականին շատ ժամանակներ են հոսել և այսօր E-ն տարածված է Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում ու Բալկաններում։ Այն Աֆրո-Ասիական լեզվաընտանիքին բնորոշող հիմնական հապլոխումբն է։ Բայց իհարկե այն գոյություն է ունեցել այդ լեզվաընտանիքի առաջացումից շատ առաջ։
Հայերին ու նաև Եվրոպացիներին հետաքրքրող սնիպները սկսվում են E1b1b-M215 ճյուղից։ Դրա համար կներկայացնենք միայն այդ ճյուղի ծառը։  E հապլոխմբի մասին տվյալները վերցված են ամենաթարմ ու որակյալ աշխատությունից։ Հայերի մասին տվյալները վերցված են Հայկական ԴՆԹ նախագծից։  Ըստ տարբեր տվյալների այն տատանվում է 6-8 տոկոս սահմաններում։ Հետաքրքիր է որ պատմական Հայաստանի հարավ-արևելյան մասում այն ավելի շատ է քան արևմտյանում։ Սալմաստում 12% իսկ Սասունում 3%: Վանում 7.6% իսկ Կիլիկիա/Տավրոսում 4%:

Հայերի մոտ տարածված է M78 և M123 ճյուղերը։

E-M78* - 0.3% - 2 հոգի - 14.000 տարեկան։ Այս երկու հոգին չունեն ոչ մի սնիպ M78-ից ներքև ինչը վկայում է այն մասին որ այս ճյուղը ներկա է եղել Հայաստանում շատ հնուց։ Այն հավանաբար ծագել է Ասորիքում ( Լևանտ )։ Նա մասնակցել է հողագործության տարածմանը դեպի Աֆրիկա ու Եվրոպա։

E-M78 > V13 - 1% - 6 հոգի - Այս ճյուղը դոմինանտ է Բալկաններում։ Ալբանացիների (33%) ու հույների (28%) ամենահիմնական հապլոխումբն է։ Շատ է նաև ռումինացիների, բուլղարացիների ու մակեդոնացիների մոտ։ Սկզբնական շրջանում այս և մի քանի այլ բալկանյան մարկերների հետ մեծ հույսեր էին կապում, որպեսզի ապացուցեն հայերի բալկանյան ծագումը։ Բայց Տրոմբետայի հետազոտությունը ցույց է տալիս, որ այս ճյուղի ասիական սնիպները ինքնուրույն ճյուղավորում են։ Հայերի մեջ այն տարածված է Սալմաստի հայերի մոտ։ Իհարկե չի կարելի բացառել որ այս ճյուղը հայտնվեր հայ-հունական խառը ամուսնությունների շնորհիվ, ու ունենա տիպիկ հունական սնիպ, բայց կարծում եմ հիմնականում հնուց եկածներ կլինեն։ Ավելի վաղ քան Հունաստան։
Նաև պիտի ավելացնել որ չնայած դրա տարածվածությանը հույների մոտ այն հնդեվրոպական մարկեր չի։ Հնդեվրոպական ցեղերը Հունաստանում հայտնվել են R1b/R1a հապլոխմբերի հետ։
E-M78 > V12 - 0.6% - 4 հոգի - Այս ճյուղը դոմինանտ է Եգիպտոսի հարավում։ Հետաքրքիր է որ Եգիպտոսի հարավը ու հյուսիսը ունեն իրարից բավականին տարբեր հապլոտիպեր։ Փաստորեն հին Եգիպտոսի բաժանումը հյուսիսի ու հարավի արտահայտվում է նաև գենետիկ մակարդակում։ Եգիպտական փարավոնների տիտղոսն էր Վերին ու Ներքին Եգիպտոսների թագավոր։ Այս ճյուղը պիտի որ հին եգիպտացիների հիմնական հապլոխումբը լինի։
E-M78 > V22 - 1.1% - 7 հոգի - Այս ճյուղը տարածված է Հյուսիսային Եգիպտոսում, Եթովպիայում, Ասորիքում։ Հավանաբար եղել է փյունիկացիների հապլոխմբերից մեկը, որ տարածվել է նաև Հարավային Եվրոպա։


E-M123 > M34*  - 1% - 6 հոգի -  15.000 տարեկան։ Տարածված է Եթովպիայում, Հորդանանում, Եգիպտոսում, Հայկական Լեռնաշխարհում։ Այն կիսվում է մի քանի ճյուղերի որոնցից M84 ն է հայերի մոտ շատ։ Ծագել է հավանաբար ինչ որ տեղ Մերձավոր Արևելքում, միգուցե Միջագետքում։ Սրա մի ճյուղը սեմական ժողովուրդների մոտ է տարածված, այսինքն J1-P58-ի հետ միասին կազմել է սեմական ժողովուրդների հիմքը։ Մյուս ճյուղը Հայկական Լեռնաշխարհի մոտ ու Եվրոպայում։
Մի հոգի դրական է M123+ բայց չունի M34- ինչը վկայում է բազալ դիրքի մասին։ 5 հոգի էլ ունեն M34 բայց չունեն ոչ մի սնիպ ենթաճյուղերից, ինչը նույնպես վկայում է այն մասին որ ծագման օջախը մոտ է եղել Հ․ Լեռնաշխարհին։
Եթովպիայում տարածվածությունը բացատրվում է նրանով, որ ըստ վերջին հետազոտությունների մոտ 3500 տարի առաջ դեպի Եթովպիա մեծ ներհոսք է եղել Մերձավոր Արևելքից, Յեմենի տարածքով։ Ներկա Եթովպացիների մեջ 50 տոկոս Մերձավոր Արևելյան գեներ կա։
E-M123
E-M123 > M34 > M84 - 3.8% - 24 հոգի - 7500  տարեկան։ E հապլոխմբի ամենատարածված սնիպն է սա մեզանում։ Սկսել է տարածվել 7500 տարի առաջ։ Արդեն կա երկու հին ԴՆԹ Սևանի ավազանից որոնք ունեն 3300-3500 տարվա հնություն։ Սա նշանակում է, որ այն բավականին վաղուց է եղել Հայաստանում։ Մինչև հրեաների ու արամեացիների ի հայտ գալը։ Ճիշտ է հնարավոր է այն բացատրել նաև աքքադացիների ու բաբելոնացիների ներթափանցումներով բայց ավտոսոմալ տվյալները նման բան չեն հաստատում։
Այն տարածված է նաև քրդերի մոտ` հատկապես ալևիների ու զազաների։ Այս ճյուղը դեռ շատ վատ է ուսումնասիրված։ Շատ քիչ բան է հայտնի նրա տարածվածության մասին։ Եղած սուղ տեղեկությունները կարծես թե հուշում են, որ այն ավելի տարածված է հայերի ու քրդերի մոտ քան սեմականների։ Ապագան ցույց կտա կարող է այն համարվել հայկական մարկեր թե ոչ։
E-M123 > M34 > L792 - 0.5% - 3 հոգի - 5500 տարեկան։ Տարածված է սեմական ժողովուրդների մոտ հատկապես հրեաների։ Հավանաբար եղել է նրանց հիմնադիր հապլոխմբերից մեկը J1-P58-ի հետ միասին։ Ըստ Լյուկոտի հետազոտության Նապոլեոն Բոնապարտը ունեցել է այս սնիպը։

Նշանավոր անձիք։ E հապլոխումբը ունեցել են Նապոլեոնը, Ալբերտ Էյնշտեյնը, Րայթ եղբայրները, որոնք ինքնաթիռ են ստեղծել։ Ենթադրվում է որ նաև Հիտլերը։


Քննարկումը ՖԲ-ում

No comments:

Post a Comment