Saturday, October 3, 2015

G հապլոխումբը հայերի մոտ

G հայրական հապլոխումբը հայերի մոտ ըստ քանակի երրորդն է։ Այն կազմում է 12 %։  Սկսել է տարածվել նեոլիթիկ հեղափոխության ժամանակ, այսինքն հողագործության առաջացման հետ միասին 10․000 տարի առաջ։ Իր տարածումը սկսել է Անատոլիա, Արևմտյան Հայաստան ու Հյուսիսային Ասորիքի շրջանից։ Այս հապլոխմբի առաջացման հիմնական վայր նշվում են հենց նույն այդ տարածքները։ 
G հապլոխումբը հայկական գավառներում
Այսօր էլ արևմտահայերի մոտ այն ավելի հաճախ է հանդիպում քան արևելահայերի մոտ։
Դեպի արևելք շարժվում է հիմնականում G1 ճյուղը։ G1-ը արևելքում հասնում է մինչև Ալթայ։ Իսկ Արևմուտք գնում է բացառապես  G2-ը հասնելով մինչև Իբերական թերակղզի։

Նեոլիթիկ Եվրոպայում G-ն ( 6000-4000 մթա ) ճնշելով տեղական ցածր մշակութային մակարդակի վրա գտնվող որսորդ-հավաքչական խմբերին (I2, I1, C1) ձեռք է բերում բացարձակ գերիշխանություն։  Հետագայում մի քանի հազար տարի անց տարբեր պատճառներով (պատճառները դեռ հայտնի չեն) G-ի քանակը աղետալի ձևով կրճատվում է։ Եվրոպայում հնդեվրոպական ցեղերի (R1b,R1a) հայտնվելուց հետո G-ի քանակը էլ ավելի է ընկնում։

Արդյունքում G-ն պահպանվում է միայն իր բնօրրանում։ Մի զգալի խումբ էլ ապաստան է գտնում Արևմտյան Կովկասում ու Կոլխիդայի տարածքում։  Այսօր G-ի հապլոխմբիբարձրակետը ամենաբարձր թվերը Արևմտյան Վրաստանում ու Աբխազիայում է։

Հայերի մոտ տարածված են հետևյալ ճյուղերը։ Թվերը ներկայացվում են հիմնվելով Ռուցիի աշխատանքի վրա։ Սկզբից ներկայացվում է սնիպի կոդը։ Հետո տոկոսը հայերի մեջ։ Իսկ հետո էլ որպես հավելյալ տեղեկություն Հայկական նախագծում ստուգվածների քանակը 2015 հոկտեմբերի դրությամբ։ 

G1 - 2.5% - 12 - Այս ճյուղը շատ է տարածված համշենահայերի մոտ։ Համշենահայերի մոտ այն հասնում է 42%: Կրասնոդարի հայերի մոտ 12%: Այն գրեթե բացակայում է կովկասյան ժողովուրդների մոտ։ Ակնհայտ է, որ այն հայտնվել է Համշենում հենց հայերի տեղաշարժերի արդյունքում։  Սա կողմնակիորեն ապացուցում է, որ համշենահայերը չունեն կովկասյան ծագում, ինչը փորձում են ապացուցել որոշ թուրք գիտնականներ։ Կարելի է ասել, որ Հարավային Կովկասում սա հենց հայկական մարկեր է։ G1 ճյուղի մասին մանրամասն հետազոտություն կա այստեղ։
G2a1-P16  -  1.6% - 4 - Այս ճյուղը գերակշռում է քարթվելական ժողովուրդների մոտ։ Նաև կա աբխազների մոտ։ Սվանների մոտ հասնում է 80 տոկոսի, ընդհանուր վրացիների մոտ 34.8 տոկոս։ Հավանաբար հենց սա է քարթվելական լեզուների հիմնադիր հապլոխումբը։ Նաև մեծամասնություն է օսերի մոտ։ Ինչը զարմանալի է, որովհետև նրանք պատկանում են տարբեր լեզվաընտանիքների։ Վարկածներից մեկը այն է, որ եկվոր իրանալեզու ալանները (օսերի նախնիները) հաստատվելով Օսեթիայում ձուլել են իրենց մեջ տեղի քարթվելական ցեղերին։ Այս պահին ռուս գենետիկները փորձաքննության են ուղարկել են միջնադարյան ալանական ԴՆԹ-ի նմուշներ։ Դրանց արդյուքները որոշ հստակեցում կմտցնի այն հարցում թե արդյոք ալանները ի սկզբանե ունեցել են P16 սնիպը թե այն ձեռք են բերել Կովկասում հաստատվելուց հետո։ Հայերի մոտ այն կարող էր հայտնվել թե վրացիներից թե ալաններից։
ISOGG-ը շրջանառությունից հանել է P16 սնիպը անկայուն լինելու պատճառով, այժմ նրա փոխարեն օգտագործվում են հետևյալ սնիպները FGC595/Z6553 կամ L293:
G2a PF3146, L91, M286  - 1.1% - 13 -  Եվրոպա գնացած հողագործների ճյուղերն են։ Իտալիայի Ալպերում սառած Օծի անունով մարդը պատկանել է այս ճյուղի ենթաճյուղերից մեկին (L91)։ Արդի Եվրոպայում այն շատ հազվադեպ է։ Պահպանվել են Կորսիկա ու Սարդինիա կղզիներում (5-10%) Սրա մի ճյուղը (L91) գնացել է նաև Եգիպտոս այնտեղից էլ հասնելով բերբերների մոտ։
G2a-M406 - 2.3% - 26  - Հայերի մոտ ամենատարածված G-ի ճյուղն է սա։ Բարձրակետը դռուզների մոտ է, 8%։ Հավասարաչափ կա ամբողջ Թուրքիայի տարածքում։ Կա նաև Հունաստանում, Իտալիայում։ Հետաքրքրական է որ այն քիչ է վրացիների մոտ։ Ինչը ցույց է տալիս որ հայերի ու վրացիների G ճյուղերը իրարից տարբերվում են։ Ենթադրաբար այս սնիպը պիտի որ տարածված լիներ հաթերի մոտ։ Նաև խեթերի ու լուվիացիների մոտ որպես սուբստրատ։
G2a-P303 - 1.6% - 8 - Հայերի մեծ մասը ունեն L140 սնիպը։ Տարածված է Եվրոպայում ու Հնդկաստանում։ Ոմանք կարծիք են հայտնում թե P303>L140 ճյուղը հնդեվրոպական է այլ ոչ թե վաղ հողագործական։ Ապագան կհերքի կամ կհաստատի այս պնդումը։
G2a-P303 > U1 - 1.4 % - 7 - Սա միանշանակ Աբխազ-ադիղեական լեզվաընտանիքի (Հյուսիս արևմտյան կովկասյան լեզուներ ) հիմնադիր ճյուղն է։ Ունեն U1 սնիպը, որը տարածված է այդ լեզվաընտանիքի բոլոր անդամների մոտ՝ չերքեզներ, աբասիններ ներառյալ։ Հետաքրքիր է որ պաղեստինցիների մոտ էլ շատ կա այս սնիպից։ Ինչը հավանաբար չերքեզական հետք է։ Այսօր էլ Հորդանանի թագավորին թիկնապահների մեջ կա հատուկ չերքեզական գունդ։
G2c-M377 - ~0% - 2 - Սա շատ հազվադեպ ճյուղ է մեզանում։ Քաշաթաղի մելիք Հայկազի շառավիղների մոտ է հայտնաբերվել միայն։ Հավանաբար այս սնիպը ունեցող բոլոր հայերը կլինեն այդ մելիքի ազգականները։

Ինչպես տեսնում եք հայերի մոտ G-ն ունի շատ բարդ կազմություն։ Եվ այն կարծրատիպը, որ դա միայն կովկասյան հապլոխումբ է․ սխալ է։ Հենց այս ճյուղերի առատությունը ստիպեց գիտնականներին, որ տեղափոխեն G հապլոխմբի առաջացման հայրենիքը Ասորիքից դեպի հյուսիս ավելի մոտ Հայաստանին։ 

No comments:

Post a Comment