Thursday, September 4, 2014

Հարկային քաղաքականության մասին



Աղյուսակում նշված երեք հարկատեսակները կազմում են ՀՀ բյուջետի եկամտային մասի 75 տոկոսից ավելին։ 
Միանգամից աչք է զարնում եկամտահարկի բարձր դրույքաչափը Հայաստանում համեմատած հարևանների հետ։[1]  Բարձր եկամտահարկ նշանակում է առաջին հերթին քիչ աշխատատեղ, որովհետև եկամտահարկը հիմնականում գանձվում է վարձով աշխատողներից։  Մինչ 2013-ը Հայաստանում եկամտահարկը ցածր էր, բայց կար նաև հավելյալ սոցվճարում։  Կուտակային պարտադիրին անցնելու համար սոցվճարումը միացվեց եկամտահարկին (նույնը կատարվեց Վրաստանում ավելի վաղ) ու փաստացի ստացանք բարձր եկամտահարկեր։ Եթե դրան էլ գումարվեր պարտադիր կուտակայինը ապա կունենայինք իսկապես աղետալի վիճակ աշխատանքային շուկայում։ Շնորհիվ Դեմ․եմ-ի ու այլ կառույցների պայքարի այդ վատ հեռանկարից որոշ չափով խույս տվեցինք։ Իհարկե վնասները լրիվ դեռ չեն չեզոքացված։
Ինչևէ եկամտահարկերը մնում են բարձր։ Հատկապես վնասակար է ցածր ու միջին աշխատավարձերի (400 հազար դրամից ցածր) վրա դրված եկամտահարկերը, քանի որ հենց բազմաթիվ ցածր ու միջին աշխատավարձերով է, որ հնարավոր է երկրում ապահովել շատ աշխատատեղեր և կասեցնել արտագաղթը։  
Այսպիսով ամենակարևոր խնդիրը ներկա պահին 400 հազարից (եթե կարևորենք ՏՏ-ն ուրեմն 1 միլիոն շեմը պիտի վերցնենք)  ցածր եկամուտների վրա դրված հարկի իջեցումն  է մինչև 20 %:
Երկրորդը դա ԱԱՀ-ի իջեցումն է մինչև 18% որպեսզի համահունչ լինենք մեր հարևաններին։  ԱԱՀ-ն առաջին հերթին վատ է ազդում ներքին արտադրողներին։ Հատկապես այն ժամանակակից ոլորտները որոնք մեծ հավելյալ արժեք են ստեղծում։ Ուրեմն արտադրոթւյան համար շատ կարևոր է ցածր ԱԱՀ-ն, կամ գոնե հարևան երկրներին հավասար ԱԱՀ-ն որպեսզի պահպանվի հավասար մրցունակությունը։ 
Ինչո՞վ կարելի է կոմպենսացնել բյուջետի հարկային մուտքերի նվազումը։
Եկամտահարկի շոշափելի ու ԱԱՀ-ի սիմվոլիկ իջեցումը սկզբնական շրջանում կնվազեցնի հարկային մուտքերը։ Իհարկե հետագայում ՀՆԱ-ի աճին զուգահեռ այդ նվազումը կդադարի բայց ամեն դեպքում որոշ ժամանակ կարիք կլինի նվազումը կոմպենսացնելու։ Այն կարելի է կոմպենսացնել առաջին հերթին շահութահարկով։ Հայկական սպեցիֆիկան հաշվի առնելով կարելի է ասել, որ շահութահարկ վճարում են հիմնականում հանքարդյունաբերողները, բնական մենաշնորհները և մասսամբ բանկերը։  Ընդ որում շահութահարկը այնպիսի հարկ է, որը մեծ վնաս չի հասցնում երկրի տնտեսության աճի վրա։
Կոմպենսացիայի մյուս աղբյուրը կարող է լինի մաքսատուրքերի շատ փոքր աճը։ Ընդ որում եթե Հայաստանը մտնի Մաքսային Միությունը ապա դա տեղի կունենա ավտոմատ ու զգալի կերպով։ Իսկ եթե չմտնի ապա միևնույն է ՀՀ-ն իրավունք ունի որոշակիորեն բարձրացնելու մաքսատուրքերը։ Այսօրվա դրությամբ միջինացված մաքսատուրքերը կազմում են 2.7%։ Ընդամենը 2 տոկոսային կետով բարձրացնելը լրիվ հերիք է ԱԱՀ-ի իջեցումը կոմպենսացնելու համար։ Բայց իհարկե մաքսատուրքերի բարձրացման դեպքում պիտի լինել զգուշավոր, որպեսզի վնաս չհասցվի այն ապրանքատեսակներին, որոնք սոցիալական խնդիրներ են լուծում և որոնք հնարավոր չի ոչ մի դեպքում Հայաստանում արտադրել։  Խոսքը պիտի գնա միայն երկրորդական կարիքներ ու էլիտար հաճույքներ բավարարող ապրանքների մասին։

-----
[1] Բացի Վրաստանից ու Հայաստանից մյուս երկրներում   կա նաև 3-6%-ի չափով սոցվճարումներ։ Այն գումարվում է եկամտահարկին։

Քննարկումը ՖԲ-ում

Wednesday, September 3, 2014

Հայերեն տեսադարան

Կա հայերեն տեսանյութերի մի տեսակ, որոնք եթերում կան, բայց ինտերնետում չեն հայտնվում։ Խոսքը գնում է հիմնականում արևմտյան մուլտերի ու ֆիլմերի հայերեն թարգմանությունները։ «Սպունգ Բոբ», «Դոռայի արկածներ», «The Lost» սերիալը, Լուի դե Ֆյունեսի ֆիլմերը, կորեական սերիալներ ու լիքը նման բաներ։ Սա բավականին շատ նյութ է, որը շատ օգտակար կլիներ հայերենի տարածման համար, բայց անհնար է տեղադրել Յութուբում հեղինակային իրավունքի պատճառով։ Ի՞նչպես կարելի է անել, որ այս ամբողջ պաշարը չմնա հեռուստաալիքների արխիվներում այլ հասանելի լինի հայությանը։ Մենք օրինակ ընկերոջս գաղափարով փորձեցինք մի հարթակ ստեղծել (Մասիս․ՏՎ ) ամպային հոսթինգի վրա, բայց պարզվեց ահագին հոսթինգի ծախս է լինում էդ վիդեո տրաֆիկը։ Բայց մյուս կողմից էլ օրինակ տեսել եմ ռուսական Megogo ծրագիրը անդրոիդում, որ հնարավորություն է տալիս ձրի մուլտեր ու ֆիլմեր նայել, իհարկե ռուսերեն։ Հիմա էս Մեգոգոն ինչով է՞ հանում իրա ծախսերը։ Հետաքրքիր է ինչ որ հայկական մասնավոր ֆիրմա նման բան կանի՞։

Քննարկում ՖԲ-ում

Գազի գները այլ երկրներում

Բելառուսիան մեզնից մի քիչ էժան է առնում գազը Ռուսիայից 166 դոլար ( մենք 189 )։ Իսկ ժողովրդին, ովքեր որ հաշվիչ ունեն վաճառում է հետևյալ գներով՝ ջեռուցման սեզոնին 530 ռուբլի, իսկ ամառը 1940 ռուբ․ Այսօրվա կուրսով 1 դոլարը 10400 ռուբլի, ստացվում է դրամով հետևյալ գները։ 21 դրամ ձմեռը, և 76.5 դրամ ամառը մեկ խորանարդ մետրը։ Մեր մոտ 150 դրամից ավել է։ Իհարկե Բելառուսը բյուջետից սուբսիդավորում է գազի գները։ Ինչ ծավալի չգիտեմ։ Բայց նույնիսկ եթե համարենք ամենաֆանտաստիկը որ գները իջեցնում է 2 անգամ ապա միևնույն է ստացվում է, որ էֆեկտիվ կառավարման դեպքում հնարավոր է Հայաստանում ունենալ էժան գազ ձմռանը, ամռանը պահելով ներկա գինը։

http://atytarenko.livejournal.com/541770.html

http://www.belta.by/ru/all_news/economics/V-Belarusi-uvelicheny-tarify-na-gaz-teplovuju-i-elektricheskuju-energiju-dlja-naselenija_i_661786.html

Քննարկումը ՖԲ-ում



Վերջերս Գազպրոմը Ղրղզստանում գնեց գազի ցանցի 100 տոկոսը։ Ներկայումս այնտեղ գները այսպիսին են։ Սահմանի վրա գազը արժենալու է 165 դոլար։ Բնակչությանը մեկ խորանարդ մետրը վաճառվելու է 16,3 սոմայով, այսինքն մոտավորապես 126 դրամ մեր փողով։ Եթե Հայաստանում նույն ղրղզական մարժան (նկատի ունեմ սահմանի ու բնակչի տարբերությունը) պահվեր գազի ցանցում ապա մեզանում գազը պիտի, որ արժենար մոտ 140 դրամ։
հ․գ․ ավելացնեմ, որ ես սա չեմ որպես օրինակելի դեպք, այլ ուղղակի համեմատական օգտակար ինֆորմացիա

 http://www.tazabek.kg/news:377874/


Քննարկում ՖԲ-ում

Ավտովթարների մասին

Երկու օր առաջ Սյունիքում վթարից մի ամբողջ երիտասարդ ընտանիք մահացավ գնաց։ Մարդը, կինը ու նորածին երեխան։ Մի քանի ամիս առաջ էլ մի փոքրիկ երեխա մեր թաղից կորցրեց իր մորը։ Եվ ինչպե՞ս է սրան նայում մեր հասարակությունը։ Ես կասեյի համակերպվելով, որովհետև մինչ այժմ ես չեմ նկատել որևէ լուրջ շարժում, որ հետևողականորեն սրա մասին խոսի։ Ընդ որում նույնիսկ թեթևակի այս թեման քրքրելու դեպքում էլ մարդուն ակնհայտ կդառնա, որ Հայաստանում իրավիճակը իսկապես վատ է։ Եթե համեմատվենք մեր նման լեռնային երկների հետ ապա թվերը այսպիսին են։ Շվեցարիայում 4.3 զոհ 100 հազար բնակչի համար, Թուրքիա 5 զոհ (13 զոհ ըստ ԱՄԿ-ի), Չիլի-Ռումինիա 11 զոհ, Հայաստան 18 ( ըստ ՀՀ պաշտոնական թվերի 14-15 է), Սվազիլենդ 23, Իրան 34։ Ընդ որում երրորդ աշխարհի երկրները գոնե ինչ որ արդարացում ունեն, որովհետև այնտեղ զոհերը շատ են մոտոցիկլների ու հին ավտոների պատճառով։ Իսկ մեր մոտ բերում ենք թանկ նոր ավտոներ, մոտոներ էլ չկա ու՞ ․․․ 

հ․գ․ Վիքին իհարկե լրիվ վստահելի չէ, որովհետև այնտեղ գրած է 558 զոհ Հայաստանում, բայց վերջին տարիներին ինչքան հիշում եմ 400-ի կարգի թիվ է։ Բայց ամեն դեպքում ընդհանուր պատկերը պարզ է։

Քննարկում ՖԲ-ում

http://en.wikipedia.org/wiki/List_of_countries_by_traffic-related_death_rate

http://news.am/arm/news/226774.html