Wednesday, October 21, 2015

E հապլոխումբը հայերի մոտ

E հապլոխումբը շատ հին է։ 66000 տարեկան է։ Այն Աֆրիկայից դուրս եկող Բանական Մարդու (Homo Sapiens) առաջին ալիքներից մեկին է մասնակցել։ Նրա ճյուղերի մի մասը հետագայում նորից հետ են վերադարձել Աֆրիկա։  Նրա «եղբայր» D-ն շարժվել է դեպի Արևելյան Ասիա, որտեղ ամենահին բնիկների (տիբետցիներ, Ճապոնիայի այնուներ) հապլոխումբն է։
Ինչևէ դրանից հետո բավականին շատ ժամանակներ են հոսել և այսօր E-ն տարածված է Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում ու Բալկաններում։ Այն Աֆրո-Ասիական լեզվաընտանիքին բնորոշող հիմնական հապլոխումբն է։ Բայց իհարկե այն գոյություն է ունեցել այդ լեզվաընտանիքի առաջացումից շատ առաջ։
Հայերին ու նաև Եվրոպացիներին հետաքրքրող սնիպները սկսվում են E1b1b-M215 ճյուղից։ Դրա համար կներկայացնենք միայն այդ ճյուղի ծառը։  E հապլոխմբի մասին տվյալները վերցված են ամենաթարմ ու որակյալ աշխատությունից։ Հայերի մասին տվյալները վերցված են Հայկական ԴՆԹ նախագծից։  Ըստ տարբեր տվյալների այն տատանվում է 6-8 տոկոս սահմաններում։ Հետաքրքիր է որ պատմական Հայաստանի հարավ-արևելյան մասում այն ավելի շատ է քան արևմտյանում։ Սալմաստում 12% իսկ Սասունում 3%: Վանում 7.6% իսկ Կիլիկիա/Տավրոսում 4%:

Հայերի մոտ տարածված է M78 և M123 ճյուղերը։

E-M78* - 0.3% - 2 հոգի - 14.000 տարեկան։ Այս երկու հոգին չունեն ոչ մի սնիպ M78-ից ներքև ինչը վկայում է այն մասին որ այս ճյուղը ներկա է եղել Հայաստանում շատ հնուց։ Այն հավանաբար ծագել է Ասորիքում ( Լևանտ )։ Նա մասնակցել է հողագործության տարածմանը դեպի Աֆրիկա ու Եվրոպա։

E-M78 > V13 - 1% - 6 հոգի - Այս ճյուղը դոմինանտ է Բալկաններում։ Ալբանացիների (33%) ու հույների (28%) ամենահիմնական հապլոխումբն է։ Շատ է նաև ռումինացիների, բուլղարացիների ու մակեդոնացիների մոտ։ Սկզբնական շրջանում այս և մի քանի այլ բալկանյան մարկերների հետ մեծ հույսեր էին կապում, որպեսզի ապացուցեն հայերի բալկանյան ծագումը։ Բայց Տրոմբետայի հետազոտությունը ցույց է տալիս, որ այս ճյուղի ասիական սնիպները ինքնուրույն ճյուղավորում են։ Հայերի մեջ այն տարածված է Սալմաստի հայերի մոտ։ Իհարկե չի կարելի բացառել որ այս ճյուղը հայտնվեր հայ-հունական խառը ամուսնությունների շնորհիվ, ու ունենա տիպիկ հունական սնիպ, բայց կարծում եմ հիմնականում հնուց եկածներ կլինեն։ Ավելի վաղ քան Հունաստան։
Նաև պիտի ավելացնել որ չնայած դրա տարածվածությանը հույների մոտ այն հնդեվրոպական մարկեր չի։ Հնդեվրոպական ցեղերը Հունաստանում հայտնվել են R1b/R1a հապլոխմբերի հետ։
E-M78 > V12 - 0.6% - 4 հոգի - Այս ճյուղը դոմինանտ է Եգիպտոսի հարավում։ Հետաքրքիր է որ Եգիպտոսի հարավը ու հյուսիսը ունեն իրարից բավականին տարբեր հապլոտիպեր։ Փաստորեն հին Եգիպտոսի բաժանումը հյուսիսի ու հարավի արտահայտվում է նաև գենետիկ մակարդակում։ Եգիպտական փարավոնների տիտղոսն էր Վերին ու Ներքին Եգիպտոսների թագավոր։ Այս ճյուղը պիտի որ հին եգիպտացիների հիմնական հապլոխումբը լինի։
E-M78 > V22 - 1.1% - 7 հոգի - Այս ճյուղը տարածված է Հյուսիսային Եգիպտոսում, Եթովպիայում, Ասորիքում։ Հավանաբար եղել է փյունիկացիների հապլոխմբերից մեկը, որ տարածվել է նաև Հարավային Եվրոպա։


E-M123 > M34*  - 1% - 6 հոգի -  15.000 տարեկան։ Տարածված է Եթովպիայում, Հորդանանում, Եգիպտոսում, Հայկական Լեռնաշխարհում։ Այն կիսվում է մի քանի ճյուղերի որոնցից M84 ն է հայերի մոտ շատ։ Ծագել է հավանաբար ինչ որ տեղ Մերձավոր Արևելքում, միգուցե Միջագետքում։ Սրա մի ճյուղը սեմական ժողովուրդների մոտ է տարածված, այսինքն J1-P58-ի հետ միասին կազմել է սեմական ժողովուրդների հիմքը։ Մյուս ճյուղը Հայկական Լեռնաշխարհի մոտ ու Եվրոպայում։
Մի հոգի դրական է M123+ բայց չունի M34- ինչը վկայում է բազալ դիրքի մասին։ 5 հոգի էլ ունեն M34 բայց չունեն ոչ մի սնիպ ենթաճյուղերից, ինչը նույնպես վկայում է այն մասին որ ծագման օջախը մոտ է եղել Հ․ Լեռնաշխարհին։
Եթովպիայում տարածվածությունը բացատրվում է նրանով, որ ըստ վերջին հետազոտությունների մոտ 3500 տարի առաջ դեպի Եթովպիա մեծ ներհոսք է եղել Մերձավոր Արևելքից, Յեմենի տարածքով։ Ներկա Եթովպացիների մեջ 50 տոկոս Մերձավոր Արևելյան գեներ կա։
E-M123
E-M123 > M34 > M84 - 3.8% - 24 հոգի - 7500  տարեկան։ E հապլոխմբի ամենատարածված սնիպն է սա մեզանում։ Սկսել է տարածվել 7500 տարի առաջ։ Արդեն կա երկու հին ԴՆԹ Սևանի ավազանից որոնք ունեն 3300-3500 տարվա հնություն։ Սա նշանակում է, որ այն բավականին վաղուց է եղել Հայաստանում։ Մինչև հրեաների ու արամեացիների ի հայտ գալը։ Ճիշտ է հնարավոր է այն բացատրել նաև աքքադացիների ու բաբելոնացիների ներթափանցումներով բայց ավտոսոմալ տվյալները նման բան չեն հաստատում։
Այն տարածված է նաև քրդերի մոտ` հատկապես ալևիների ու զազաների։ Այս ճյուղը դեռ շատ վատ է ուսումնասիրված։ Շատ քիչ բան է հայտնի նրա տարածվածության մասին։ Եղած սուղ տեղեկությունները կարծես թե հուշում են, որ այն ավելի տարածված է հայերի ու քրդերի մոտ քան սեմականների։ Ապագան ցույց կտա կարող է այն համարվել հայկական մարկեր թե ոչ։
E-M123 > M34 > L792 - 0.5% - 3 հոգի - 5500 տարեկան։ Տարածված է սեմական ժողովուրդների մոտ հատկապես հրեաների։ Հավանաբար եղել է նրանց հիմնադիր հապլոխմբերից մեկը J1-P58-ի հետ միասին։ Ըստ Լյուկոտի հետազոտության Նապոլեոն Բոնապարտը ունեցել է այս սնիպը։

Նշանավոր անձիք։ E հապլոխումբը ունեցել են Նապոլեոնը, Ալբերտ Էյնշտեյնը, Րայթ եղբայրները, որոնք ինքնաթիռ են ստեղծել։ Ենթադրվում է որ նաև Հիտլերը։


Քննարկումը ՖԲ-ում

Saturday, October 3, 2015

G հապլոխումբը հայերի մոտ

G հայրական հապլոխումբը հայերի մոտ ըստ քանակի երրորդն է։ Այն կազմում է 12 %։  Սկսել է տարածվել նեոլիթիկ հեղափոխության ժամանակ, այսինքն հողագործության առաջացման հետ միասին 10․000 տարի առաջ։ Իր տարածումը սկսել է Անատոլիա, Արևմտյան Հայաստան ու Հյուսիսային Ասորիքի շրջանից։ Այս հապլոխմբի առաջացման հիմնական վայր նշվում են հենց նույն այդ տարածքները։ 
G հապլոխումբը հայկական գավառներում
Այսօր էլ արևմտահայերի մոտ այն ավելի հաճախ է հանդիպում քան արևելահայերի մոտ։
Դեպի արևելք շարժվում է հիմնականում G1 ճյուղը։ G1-ը արևելքում հասնում է մինչև Ալթայ։ Իսկ Արևմուտք գնում է բացառապես  G2-ը հասնելով մինչև Իբերական թերակղզի։

Նեոլիթիկ Եվրոպայում G-ն ( 6000-4000 մթա ) ճնշելով տեղական ցածր մշակութային մակարդակի վրա գտնվող որսորդ-հավաքչական խմբերին (I2, I1, C1) ձեռք է բերում բացարձակ գերիշխանություն։  Հետագայում մի քանի հազար տարի անց տարբեր պատճառներով (պատճառները դեռ հայտնի չեն) G-ի քանակը աղետալի ձևով կրճատվում է։ Եվրոպայում հնդեվրոպական ցեղերի (R1b,R1a) հայտնվելուց հետո G-ի քանակը էլ ավելի է ընկնում։

Արդյունքում G-ն պահպանվում է միայն իր բնօրրանում։ Մի զգալի խումբ էլ ապաստան է գտնում Արևմտյան Կովկասում ու Կոլխիդայի տարածքում։  Այսօր G-ի հապլոխմբիբարձրակետը ամենաբարձր թվերը Արևմտյան Վրաստանում ու Աբխազիայում է։

Հայերի մոտ տարածված են հետևյալ ճյուղերը։ Թվերը ներկայացվում են հիմնվելով Ռուցիի աշխատանքի վրա։ Սկզբից ներկայացվում է սնիպի կոդը։ Հետո տոկոսը հայերի մեջ։ Իսկ հետո էլ որպես հավելյալ տեղեկություն Հայկական նախագծում ստուգվածների քանակը 2015 հոկտեմբերի դրությամբ։ 

G1 - 2.5% - 12 - Այս ճյուղը շատ է տարածված համշենահայերի մոտ։ Համշենահայերի մոտ այն հասնում է 42%: Կրասնոդարի հայերի մոտ 12%: Այն գրեթե բացակայում է կովկասյան ժողովուրդների մոտ։ Ակնհայտ է, որ այն հայտնվել է Համշենում հենց հայերի տեղաշարժերի արդյունքում։  Սա կողմնակիորեն ապացուցում է, որ համշենահայերը չունեն կովկասյան ծագում, ինչը փորձում են ապացուցել որոշ թուրք գիտնականներ։ Կարելի է ասել, որ Հարավային Կովկասում սա հենց հայկական մարկեր է։ G1 ճյուղի մասին մանրամասն հետազոտություն կա այստեղ։
G2a1-P16  -  1.6% - 4 - Այս ճյուղը գերակշռում է քարթվելական ժողովուրդների մոտ։ Նաև կա աբխազների մոտ։ Սվանների մոտ հասնում է 80 տոկոսի, ընդհանուր վրացիների մոտ 34.8 տոկոս։ Հավանաբար հենց սա է քարթվելական լեզուների հիմնադիր հապլոխումբը։ Նաև մեծամասնություն է օսերի մոտ։ Ինչը զարմանալի է, որովհետև նրանք պատկանում են տարբեր լեզվաընտանիքների։ Վարկածներից մեկը այն է, որ եկվոր իրանալեզու ալանները (օսերի նախնիները) հաստատվելով Օսեթիայում ձուլել են իրենց մեջ տեղի քարթվելական ցեղերին։ Այս պահին ռուս գենետիկները փորձաքննության են ուղարկել են միջնադարյան ալանական ԴՆԹ-ի նմուշներ։ Դրանց արդյուքները որոշ հստակեցում կմտցնի այն հարցում թե արդյոք ալանները ի սկզբանե ունեցել են P16 սնիպը թե այն ձեռք են բերել Կովկասում հաստատվելուց հետո։ Հայերի մոտ այն կարող էր հայտնվել թե վրացիներից թե ալաններից։
ISOGG-ը շրջանառությունից հանել է P16 սնիպը անկայուն լինելու պատճառով, այժմ նրա փոխարեն օգտագործվում են հետևյալ սնիպները FGC595/Z6553 կամ L293:
G2a PF3146, L91, M286  - 1.1% - 13 -  Եվրոպա գնացած հողագործների ճյուղերն են։ Իտալիայի Ալպերում սառած Օծի անունով մարդը պատկանել է այս ճյուղի ենթաճյուղերից մեկին (L91)։ Արդի Եվրոպայում այն շատ հազվադեպ է։ Պահպանվել են Կորսիկա ու Սարդինիա կղզիներում (5-10%) Սրա մի ճյուղը (L91) գնացել է նաև Եգիպտոս այնտեղից էլ հասնելով բերբերների մոտ։
G2a-M406 - 2.3% - 26  - Հայերի մոտ ամենատարածված G-ի ճյուղն է սա։ Բարձրակետը դռուզների մոտ է, 8%։ Հավասարաչափ կա ամբողջ Թուրքիայի տարածքում։ Կա նաև Հունաստանում, Իտալիայում։ Հետաքրքրական է որ այն քիչ է վրացիների մոտ։ Ինչը ցույց է տալիս որ հայերի ու վրացիների G ճյուղերը իրարից տարբերվում են։ Ենթադրաբար այս սնիպը պիտի որ տարածված լիներ հաթերի մոտ։ Նաև խեթերի ու լուվիացիների մոտ որպես սուբստրատ։
G2a-P303 - 1.6% - 8 - Հայերի մեծ մասը ունեն L140 սնիպը։ Տարածված է Եվրոպայում ու Հնդկաստանում։ Ոմանք կարծիք են հայտնում թե P303>L140 ճյուղը հնդեվրոպական է այլ ոչ թե վաղ հողագործական։ Ապագան կհերքի կամ կհաստատի այս պնդումը։
G2a-P303 > U1 - 1.4 % - 7 - Սա միանշանակ Աբխազ-ադիղեական լեզվաընտանիքի (Հյուսիս արևմտյան կովկասյան լեզուներ ) հիմնադիր ճյուղն է։ Ունեն U1 սնիպը, որը տարածված է այդ լեզվաընտանիքի բոլոր անդամների մոտ՝ չերքեզներ, աբասիններ ներառյալ։ Հետաքրքիր է որ պաղեստինցիների մոտ էլ շատ կա այս սնիպից։ Ինչը հավանաբար չերքեզական հետք է։ Այսօր էլ Հորդանանի թագավորին թիկնապահների մեջ կա հատուկ չերքեզական գունդ։
G2c-M377 - ~0% - 2 - Սա շատ հազվադեպ ճյուղ է մեզանում։ Քաշաթաղի մելիք Հայկազի շառավիղների մոտ է հայտնաբերվել միայն։ Հավանաբար այս սնիպը ունեցող բոլոր հայերը կլինեն այդ մելիքի ազգականները։

Ինչպես տեսնում եք հայերի մոտ G-ն ունի շատ բարդ կազմություն։ Եվ այն կարծրատիպը, որ դա միայն կովկասյան հապլոխումբ է․ սխալ է։ Հենց այս ճյուղերի առատությունը ստիպեց գիտնականներին, որ տեղափոխեն G հապլոխմբի առաջացման հայրենիքը Ասորիքից դեպի հյուսիս ավելի մոտ Հայաստանին։ 

Thursday, June 4, 2015

Հայրական հապլոխմբերի տարածումը

Արդեն գիտենք հայերի հայրական ԴՆԹ-ները ինչ բաշխում ունեն։ Հիմա հերթով նայենք այդ հապլոխմբերը ինչ պատմական անցքերի հետ են կապված։

Հապլոխումբ A
հապլոխումբը առաջացել է Աֆրիկայում։ Այն այսօր տարածված է աֆրիկյան Նիլո-Սահարյան լեզվաընտանիքին պատկանող ժողովուրդների մոտ։
Հապլոխումբ B
B հապլոխումբը հավանաբար առաջացել է Աֆրիկայում։


G, G2a - Սա Փոքր Ասիայից, Արևմտյան Հայաստանից ու Հյուսիսային Սիրիայից տարածում է հողագործությունը Եվրոպա, մոտ 7000 մթա-ից սկսած։ Այն Եվրոպայի բերի տարածքներում, բայց հետագայում բրոնզե դարում նրա քանակը սկսում է կրճատվել Եվրոպայում։ Այսօր այն ավելի հազվադեպ է Եվրոպայում քան հնում։ Տարածված է Եվրոպայի լեռնային մասերում։ Ամենաշատը առկա է Արևմտյան Վրաստանում, Աբխազիայում, հայերի մեջ ու Փոքր Ասիայում։ G1 ճյուղն էլ գնացել է արևելք Իրան, հասել է Հնդկաստան բայց էլի շատ չի։

J2 - Սրա հայրենիքը Կովկասի , Հայկական Լեռնաշխարհի ու Իրանի հյուսիսից առաջացած եռանկյունու մեջ է: Այն մեծամասնություն է Իրանի արևմուտքում, Անատոլիայում, հայերի մոտ էլ կա ահագին։ Ինգուշների ու չեչենների մոտ բացարձակ մեծամասնություն է, չնայած դա փոքրաթիվ նախահայրերի հիմնադրման էֆեկտն է, գնացել են հարավից։ Հավանաբար խուռիների մոտ այն մեծամասնություն է եղել։ Այս հապլոխումբը ավելի լավ է դիմացել ժամանակի փորձությանը։ Միջերկրական ծովով տարածվել է նաև արևմուտք/Եվրոպա։ Հասել է նաև Հնդկաստան։

J1 - Հայաստանի արևելյան մասերից իջել է հարավ։ Եղել են այծ ու ոչխար տարածողները։ Այսօր այս հապլոխումբի ճյուղերից մեկը բացարձակ մեծամասնություն է արաբների մոտ, դրա համար շատերը շփոթում են թե այն սեմական է։ Իրականում այն ավելի հին է քան ներկա եղած լեզուները, ուղղակի հիմնադրման էֆեկտով դարձել է մեծամասնություն Արաբական թերակղզում։ Ամենաշատը Եմենում է։ Կա նաև զգալի քանակով որոշ Դաղստանյան ցեղերի մոտ։

R1b, R1a - Սրանք հնդեվրոպականության հետ կապված հապլոխմբերն են։ Քանի որ այն շատ սերտորեն կապված է Հնդեվրոպականության հետ դրա համար այստեղ շատ չեմ խորանա, ուղղակի ասեմ որ Կելտերի, Գերմանների ու Իտալիկների մոտ մեծ մասամբ R1b-ն է, իսկ Սլավոնների ու Հնդիրանցիների մոտ R1a-ն։ Հայերի մոտ գերակշռող է R1b-ն, կա մի քիչ R1a։ Հայտնվել է արևելյան կողմերից։ Ոնց երբ ու ինչքան մոտիկ տեղից թող մնա հետագայի համար։ Դեռ ահագին բան էլ պարզ չի, որ հստակ գրեմ։
Ուղղակի զգուշացնեմ հապճեպ եզրակացություններից զերծ պահելու համար, որ կան հին R1a,R1b-ի ճյուղեր, որոնք ՀԵ-ի հետ կապ չունեն, դրանք եղել են մինչև ՀԵ լեզուների առաջացումը։ Դրանցից ամենահայտնին աֆրիկյան Չադի լճի մոտ եղած R1b-ն է որը հին ոչ-ՀԵ ճյուղերի ներկայացուցիչ է։

E1b1 - Այս խումբը ունի մի քանի ճյուղեր, մի մասը Աֆրիկայում է տարածված, մյուս մասը Մերձավոր Արևելք/Բալկաններում։ Հայերին առնչվող մարկերները այս երկրորդ ճյուղերի մեջ են։ Մեզ հետաքրքրող ճյուղերը հավանաբար առաջացել են Ասորիքում /Լեվանտ/։ Մյուս հողագործների հետ միասին այն շարժվել է Հունաստան/Բալկաններ։ Հույների ու ալբանացիների մոտ սա ամենատարածված հապլոխումբն է։ Աֆրիկյան E1b1-ի միջավայրում է առաջացել Աֆրո-Ասիական լեզվաընտանիքը։ Իսկ դրա մի ճյուղը սեմական խումբը հավանաբար եղել է E1b1/J1-ի միաձուլում։ Ամեն դեպքում ինչպես R1b/R1a-ի դեպքում այստեղ էլ պետք է տարանջատել մինչ սեմական շրջանը հետ սեմականից։ Երկու շրջանից էլ կարող է լինեն հայերի մեջ մարկերներ։

Քննարկումը ՖԲ-ում

Tuesday, June 2, 2015

Հապլոխմբերի մասին

Երեկ Մհերը գրեց Y ԴՆԹ-ի մարկերների մասին։ Այսօր ես փորձեմ ամենահին նախնական մարկերների մասին պատմեմ։ Նկատի ունեմ այն ժամանակները երբ մարդը նոր էր դուրս գալիս Աֆրիկայից։ Քանի որ մարկերները շատ շատ են ապա նրանց դասակարգում են ըստ հապլոխմբերի։ Մի հապլոխմբի մեջ մտնում են այն բոլոր մարկերները որոնք մի ինչ որ ժամանակ նույն նախնին են ունեցել։ Այսօր կան այսպիսի հապլոխմբեր Y ԴՆԹ-ների համար։

A, B - Սրանք Աֆրիկայից են ու այնտեղից գրեթե դուրս չեն եկել։
C, D -ն հին հապլոխմբեր են, որոնք Աֆրիկայից դուրս են եկել շուտ բայց այսօր փոքրամասնություն են որովհետև ժամանակի ընթացքին չեն դիմացել։ Հիմնակում մնացել են Ասիայում, Տիբեթում, Ճապոնիայում, Ալթայում, Մոնղոլիայում։
E1b1 - Սա մի ոտով Աֆրիկայի հյուսիս-արևելքում է մյուս ոտով արդեն Մերձավոր Արևելքում է։ Հետո տարածվել է նաև Հունաստան ու Բալկաններ։
G, J2, J1 - Սրանց առաջացման կենտրոնները Հյուսիսային Մերձավոր Արևելքն է։ Այսինքն մեր Լեռնաշխարհը ու անմիջական շրջապատը։
I, I1, I2 - Սա հին Եվրոպական հապլոխումբ է, տարածված է Եվրոպայում J-ի քույրն է ու մտել է Եվրոպա հավանաբար Փոքր Ասիայից։
H - Դրավիդյան Հնդկաստանի հապլոխումբն է ծովափով գնացած մարդիկ են հիմնել։
T, L - Առաջինը երևի Հյուսիսային Միջագետք/ Հարավային ՀԼ-ում  է առաջացել երկրորդը ավելի արևելք Իրանի հյուսիս-արևմուտքում"
Ինչպես տեսնում եք մարդիկ շարժվում են արևելք։
Արևելք գնալուց երկու ճամփա է բացվում մեկը Հնդկաստանով դեպի Հնդկաչին ու այնտեղից էլ Չինաստան։ Այսպես են գնացել K-ի ճյուղերը N, O, M, S համպլոխմբերի նախնիները։ 

N, O  - Առաջացման վայրը արևելյան Ասիա։ N-ը հյուսիսային Չինաստանից է։ 

Երկրորդ ճամփեն տանում է Արևելյան Եվրոպա ու Միջին Ասիա այնտեղից էլ Սիբիր ու այնտեղից էլ Ամերիկա։ Սրանք են R ու Q-ն։ Q-ն առաջացել է Միջին Ասիայում։ Q-n համարյա լրիվ լցրել է իրենով բնիկ Ամերիկան։

Իսկ R-ը Կովկասով բաժանվել է երկու մասի R1 ու R2: R1-ը սկսել է տարածվել հետ սառցադաշտային Արևելյան Եվրոպայում իսկ R2-ը Իրանի նեոլիթից դեպի Հնդկաստան։

Այս R-ը ու նրա որդիները ամենաշատ քննարկվող հապլոխմբերն են որովհետև իրենք տարածվել են ամբողջ Արևմտյան Եվրասիայում ու նույնիսկ մտել են Աֆրիկա։ Սրա հետ է անմիջականորեն կապված Հնդեվրոապական լեզուների տարածումը։ Բայց դա ավտոմատ կերպով չի նշանակում որ Հնդեվրոպական լեզուները առաջացել են Միջին Ասիայում։ Որովհետև ՀԵ-ն համամետաբար նոր երևույթ է՝ 5000-7000 տարեկան։ Իսկ այն ինչ ես պատմեցի 20․000 տարի ու ավելի առաջվա հապլոխմբերի դասավորությունն էր, ներկա պահին իհարկե շատ բան փոխվել է։