Ստորև ներկայացնում եմ այն հիմնականում խոչնդոտները, որոնք իմ կարծիքով ամենաշատն են վնասում Հայաստանի տնտեսությանը։ Ընտրել եմ այնպիսի խնդիրներ, որոնք հստակ չափվում են, օբյեկտիվ են և հնարավոր է հեշտությամբ համեմատել հարևանների հետ։ Սուբյեկտիվ խնդիրների մասով կգրեմ առանձին։
Ա․ Բարձր վարկային տոկոսադրույքներ։ Այս խնդիրը դնում եմ առաջին տեղում, որովհետև այն դեռևս լավ չի գիտակցվում հանրության կողմից, չնայած օրեցօր շատանում է այն մարդկանց թիվը, որ իր վրա է զգում սրա բացսական էֆեկտները։
Բ․ Բարձր հարկեր։ Խոսքը գնում է առաջին հերթին բարձր եկամտահարկի մասին, բայց նաև մասսամբ ԱԱՀ-ի մասին։ Այս խմբին են պատկանում այնպիսի վճարումները որոնք հարկ չեն համարվում, բայց իրենց էֆեկտով նման են հարկահավաքին։ Դրանք են պարտադիր կուտակային վճարումները, ինչպես նաև բարձր տուգանքները որոշ ոլորտներում։
Գ․ Պետական պարտք և անօգտակար նախագծեր։ Հայաստանը ի տարբերություն նաֆթադոլարներով ապահովված երկրների, ցանկացած նախագիծ իրագործելու համար վարկ է վերցնում։ Այսինքն մեծացնում է իր արտաքին ու ներքին պարտքերը։ Իսկ դա նշանակում է որ ցանկացած սխալ կամ չարաշահումներով իրականացվող նախագիծ կրկնակի թանկ է նստում տնտեսության վրա։ Սկզբից որպես բուն փաստ, որ ռեսուրսները վատնվում են անիմաստ ենթակառույցի համար, և երկրորդը, որ դրա համար տարիներով ստիպված ենք լինում տոկոս ու պարտք փակել։
Դ․ Բնական մենաշնորհների վատ կառավարում։ Բնական մենաշնորհների մեջ ամենակարևորներն են էլցանցը, գազի ցանցերը և ջրմուղը։ Նաև ոռոգման համակարգը։ Այստեղ վատ ու անազնիվ կառավարումը բերում է թանկացումների, որն էլ իր հերթին ազդում է տնտեսության բոլոր ճյուղերի վրա։
No comments:
Post a Comment